Ի՞նչ գույն ընտրել Ձեր կայքի համար․ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐՄԻՐԸ
Ի՞նչ է մեզ ասում որևէ ընկերության կայքում, որպես հիմնական գույն, օգտագործված կարմիր գույնը․
«Մենք ուժեղ ենք, համարձակ, վստահ՝ մեր գործում»։
«Սիրում ենք ռիսկը, փնտրում ենք արկածներ»։
«Ձեզ համար ունենք թեժ առաջարկներ, որոնցից չեք կարող հրաժարվել»:
«Շտապեք գնել մեր ապրանքը, այն շուտով կվերջանա»։
Կարմիրը գունային շրջանակի ամենատաք և ուժեղ գույնն է և կարող է լուծել միանգամից երկու խնդիր՝
-
Գրավել ուշադրություն
-
Մղել գործողության
Բայց սա միայն այն դեպքում, երբ կարմիրը կայքում օգտագործվի փոքր չափաբաժնով, այլապես այն այցելուների վրա կարող է ունենալ միանգամայն հակառակ ազդեցությունը։ Պատճառն այն է, որ կարմիրը միաժամանակ կարող է առաջ բերել թե´ դրական, հաճելի զգացողություններ, և թե´ բացասական հույզեր՝ վտանգի, սպառնալիքի զգացման հետ կապված (արյան ասոցիացիա)։ Ենթագիտակցական այդ ազդեցության հետևանքով հնարավոր է, որ կայքը վանի այցելուին, և նա պարզապես փակի այն։
Կարմիրի ազդեցության մի քանի առանձնահատկություններ․
-
Կարմիրը գրգռում է ախորժակը։ Հետևաբար, այն կարող է մեծ արդյունավետությամբ օգտագործվել ռեստորանային ցանցերի, արագ սննդի կետերի, սնունդ և խմիչք արտադրող ընկերությունների կայքերում։ Սննդային գիգանտ ընկերություններից շատերը (Coca Cola, KFC, Chili’s, Applebee’s, In-N-Out) լավ գիտեն այդ առանձնահատկության մասին։
-
Կարմիրը էներգետիկ ազդակներ տալու, ոգեշնչելու, գործողության մղելու մեծ ներուժ ունի։ Ինտերնետ խանութները խենթանում են այս գույնի համար և մեծ բաժիններով օգտագործում են call to action կոճակների համար (գնել, պատվիրել): Համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարմիր գույն ունեցող call to action կոճակներն ամենաարդյունավետն են։ Բայց կա մի առանձնահատկություն․ կարմիրն արդյունավետ է միայն իմպուլսիվ գնումների դեպքում, երբ կոնվերսիան կատարվում է արագ, առանց երկար-բարակ վերլուծությունների՝ հիմնված էմոցիաների, ոչ թե ռացիոնալ որոշումների վրա։ Հետևաբար, այն ընկերությունները, որոնց ծառայություններից կամ ապրանքներից օգտվելը չի կարող լինել րոպեական ցանկության արդյունքում և պահանջում է զգոնություն, լրջություն հաճախորդի կողմից, ցանկալի է հրաժարվեն կարմիրից՝ նախընտրելով, օրինակ, կապույտը։
-
Ստեղծում է շտապողականության, հատուկ առաջարկի էֆեկտ, որը կարելի է շահավետ օգտագործել վաճառքների մեծացման համար։ Իզուր չէ, որ առևտրի կենտրոններում զեղչերի մասին տեղեկացնող ցուցանակները գրեթե միշտ կարմիր են։ Առաջարկ, որը սահմանափակ է և շուտով կվերջանա, հարկավոր է ժամանակ չկորցնել և քայլ անել։ Կարմիրի այդ էֆեկտը լայնորեն օգտագործում են «Սև ուրբաթ»-ի ժամանակ, երբ մարդիկ արդեն իսկ գիտեն, որ մեծ զեղչեր են լինելու և նրանց մոտ պարզապես պետք է առաջացնել դեֆիցիտի, արագ գործելու մղում։
-
Կարմիրի մուգ երանգները խորհրդանշում են ուժ, կամք, համարձակություն, արկածախնդրություն, հետևաբար, արդյունավետ է դրանց օգտագործումը սպորտային կայքերի, զբոսաշրջային բլոգների, ավտոմեքենաների վաճառքի կայքերի համար։ Կարմիրի «տղամարդկային» երանգները կարող են նաև արագացնել զարկերակի աշխատանքը, այդ պատճառով հաճախ օգտագործվում են արագընթաց մեքենաների գովազդային արշավների ժամանակ։
-
Կանայք նախընտրում են կարմիրի ավելի բաց, մեղմ, «հուզական» երանգները, ուստի այն ընկերությունները, որոնց թիրախային խումբը կանայք են (կոսմետիկա, օծանելիք, կանացի հագուստ և այլն), արդյունավետորեն օգտագործում են հենց այդ երանգները։
-
Կարմիրը նաև համարվում է սիրո գույնը և օգտագործվում է այն կայքերում, որոնց թեմատիկան առնչվում է ծանոթություններին, ռոմանտիկային, սիրային հարաբերություններին և այլն։
Այսպիսով, կարմիրի օգտագործումը կամ շատ արդյունավետ է, կամ վտանգավոր։ Կարմիրի շատ օգտագործումը կայքը դարձնում է ագրեսիվ և պարտադրող, իսկ նրա քիչ և թիրախային օգտագործումը կարող է մեծացնել վաճառքները։
Հեղինակ՝ ԱՐՓԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ