Facebook, PayPal, Twitter, LinkedIn, WallMart, Intel, Samsung, WordPress` սրանք այն հսկա ընկերություններն են, որոնք լավ գիտեն ԿԱՊՈՒՅՏԻ ենթագիտակցական ազդեցության ուժը։
Որպես կորպորատիվ գույն՝ կապույտը ներշնչում է հետևյալ միտքը՝ «Մեզ կարելի է վստահել։ Մենք հուսալի ենք, պատասխանատու, պրոֆեսիոնալ մեր գործի մեջ»։
Հաճախորդի վստահությունը միշտ էլ կարևոր է, սակայն կան ոլորտներ, որտեղ հուսալիությունն ու կայունությունը առանձնահատուկ կարևոր են (ֆինանսական, ներդրումային, ապահովագրական, առողջապահական կազմակերպություններ և այլն)։ Նմանատիպ ընկերությունների կորպորատիվ կայքերում, որպես հիմնական գույն, կապույտի ընտրությունը կարող է լավագույն լուծումը լինել։
Մի քանի առանձնահատկություններ՝
Չնայած այս ամենին՝ կապույտն ունի նաև «թույլ» կողմեր։ Այն հուզական առումով սառը գույն է։ Կապույտը չի ակտիվացնում և գործողության դրդելու մեծ ներուժ չունի։ Հակառակը, կարող է իջեցնել պոտենցիալ հաճախորդի «սպառողական խանդավառությունը»։
Call to action (գործողության մղող) կոճակների համար հաճախ խուսափում են կապույտից՝ նախապատվություն տալով կարմիրին կամ գազարագույնին, սակայն կա մի կարևոր հանգամանք։ Կարմիր, գազարագույն CTA կոճակներն առավել արդյունավետ են էմոցիոնալ, իմպուլսիվ գնումների դեպքում, երբ հաճախորդը որոշում է կայացնում տեղում՝ առանց երկար-բարակ մտածելու, իսկ կապույտն իր սոլիդ հանդարտությամբ ավելի ընդունելի կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր հակված են քայլ անել՝ միայն ռացիոնալ որոշումների հիման վրա։
Ապացուցված է նաև, որ կապույտն ախորժակը փակելու հատկություն ունի, ուստի այս գույնի հետ զգույշ եղեք, եթե սնունդ առաջարկող ընկերություն եք։ Որպես հակաբևեռ՝ կարմիրը գրգռում է ուտելու ցանկությունը։
Ըստ հետազոտությունների՝ կապույտը մարդկանց նախընտրելի գույներից է՝ անկախ սեռից և տարիքից։ Համենայդեպս, կապույտի ծայրահեղական մերժումներ հազվադեպ են լինում՝ հիմնականում կապված անձի անհատական ասոցիացիաների, փորձի, հիշողության հետ։
Ըստ վիճակագրության տղամարդկանց 57%-ը և կանանց 35% –ը կապույտը համարում են իրենց սիրելի գույնը և միայն 1%–ն է, որ չի սիրում այդ գույնը։
Այսպիսով, կապույտը կայքերում օգտագործվող ամենաանվտանգ գույնն է։ Այն ընտրելով՝ չեք սխալվի։ Կապույտը չի կարող վանել, այցելուի մոտ առաջացնել տհաճության, դիսկոմֆորտի զգացողություն։ Կապույտն, ի տարբերություն շատ գույների, կայքում կարելի է օգտագործել մեծ չափաբաժնով՝ և որպես ֆոն, և որպես առանձին էլեմենտների, կոճակների գույն։ Կապույտի բոլոր երանգներն էլ «աշխատում են» և ճիշտ համադրությունների արդյունքում կարող են շատ տպավորիչ լինել։
Հեղինակ՝ ԱՐՓԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ